Սյունիքի մարզպետարանը «Ադրբեջանցի Փոլադը բացել է Կապանի դուռը» վերտառությամբ տեսանյութում տեղ գտած մի շարք անճշտությունների հետ կապված 5-րդ ալիքին հորդորում է հերքում տարածել։
«Տեսանյութում տեղ գտած այն պնդումները, թե իբր Սյունիքի մարզի Կապան քաղաքում Փոլադ անունով ադրբեջանցին տեսանյութ է նկարահանել, չի համապատասխանում իրականությանը։ Տեսանյութը նկարահանվել է դեռևս 2020 թվականի հունիս ամսին և հրապարակվել «Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ» յութուբյան ալիքում։ Տեսանյութի հեղինակը Կապան քաղաքի բնակիչ է, այլ ոչ ադրբեջանցի»,-հայտնում են մարզպետարանից։
Մարզպետարանը հղում է կատարել ԶԼՄ-երի մասին օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին․ «Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին»: