«Գեորգի Կուտոյանի մահը մեծ կորուստ էր։ Նրան հանդիպել եմ 9-10 տարի առաջ, մեկ-երկու շփում եղել է»։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ չի հասցրել ցավակցական ուղերձ հղել և օգտվելով առիթից` ցավակցություն հայտնեց Կուտոյանի մահվան կապակցությամբ։
ԱԺ նախագահը նշեց, որ մահվան հանգամանքները դեռևս ուսումնասիրվում են, հետևաբար ոչ մի վարկած մերժված չէ։
«Այն պայմաններում, երբ հանգամանքները դեռ ուսումնասիրվում են, որքան գիտեմ` նախնական վարկած դեռ չի շրջանառվում։ Եկեք ենթադրություններ չանենք»,-ասել է նա:
Հարցին՝ նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու կարիք կա՞, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին ամիսներին սա արդեն երրորդ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի «տարօրինակ» հանգամանքներում մահանալու դեպքն է, Միրզոյանը պատասխանել է.
«Կան բազմաթիվ մարդիկ, որոնք նախկինում պաշտոն են զբաղեցրել: Գեորգի Կուտոյանը, հայտարարվեց, որ որևէ կարգավիճակով՝ ոչ վկայի, ոչ մեղադրյալի, որևէ գործով չի անցել: Հիմա ինչպե՞ս կարող են բոլոր նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովել։ Գուցե դա հարց է, գուցե պետք է խոսել այդ մասին»:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային մահացու վիրավորումով: