Առհասարակ ամբողջ տարին կանաչ մնացող ծառերը նույնիսկ նախքան քրիստոնեությունը յուրահատուկ նշանակություն են ունեցել մարդկանց համար։ Ծառը, որպես մշակույթի մաս, գալիս է դեռևս վաղնջական ժամանակներից:Հին ժամանակներում մարդիկ հավատացել են, որ մշտապես կանաչ մնացող բույսերը պաշտպանում են չար ոգիներից ու հիվանդություններից։
Հին եգիպատացիները պաշտել են Ռա աստծուն, որը ուներ բազեի գլուխ և արևը կրում էր իբրև թագ։ Արևադարձից հետո, երբ Ռան առողջանում է, եգիպտացիները իրենց տները լցնում են կանաչ ճյուղերով՝ որպես խորհրդանիշ կյանքի հաղթանակի մահվան նկատմամբ։
Նմանատիպ սովորույթ կար և Հռոմում, երբ կանաչ ճյուղերը խորհրդանշում էին առատ բերքը։ Դա կապված է Սատուրնուսի՝ երկրագործության հովանավոր աստծո հետ։
Հյուսիսային Եվրոպայում այսպիսի սովորույթ ունեին կելտերը, որ կարծում էին, թե մշտապես կանաչ ճյուղերը խորհրդանշում են հավերժ կյանքը։ Սկանդինավիայում հավատում էին, որ դրանք արև աստծու բույսերն են։
Տոնածառերն այսօրվա ընկալումով առաջինը սկսել են զարդարվել Գերմանիայում՝ 16-րդ դարում։ Մարդիկ սկզբում պատրաստում էին փայտից բուրգեր ու դրանք զարդարում կանաչ ճյուղերով։ Եղևնին զարդարելու ավանդույթը եկել է բողոքական Մարտին Լյութերից։ Մի անգամ երեկոյան զբոսնելիս նրան հիացրել էր աստղերի առկայծող փայլը կանաչ ճյուղերի արանքից, ու նա, որպեսզի ցույց տա այդ տեսարանը իր ընտանիքին, տանը մի ծառ է դրել ու զարդարել այն վառվող մոմերով։