ՀՀ ԱԺ–ն այսօրվա նիստում միաձայն (102 կողմ) հաստատեց Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքների ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը։
Ըստ օրենքում կատարված փոփոխությունների՝ ՃԵԿ խախտում անող վարորդներին պատժելու նոր մեխանիզմ են սահմանում, այսպես կոչված բալային համակարգ։
Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր:
Յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում այդ միավորները նվազելու են 0.5-4 միավորի չափով կախված խախտման տեսակից ու ծանրությունից։
Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորը սպառվի, նա 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։
Ընդ որում վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկված վարորդներին իրավունք է տրվելու մինչև ժամկետի լրանալը տեսական քննություն հանձնել ու ավելի շուտ վերականգնել կորցրած իրավունքը։
Միաժամանակ նոր օրինագծերով նվազելու են տուգանքների չափերը։
Օրինակ անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ տուգանք, փոխարենը անսթափ վարորդի բալերից հանվելու է միանգամից 4–ը։ Իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։
Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա վարորդական իրավունքից 6 ամսով կզրկվի հենց առաջին խախտման դեպքում։
Միավորների հաշվարկը համապատասխանեցվել է այսօր գործող տուգանքների չափերին։
Օրենքի նախագիծն ընդունվեց 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: