ՀՀ Կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներից մի քանիսը, իսկ դարձերեսին՝ Հայաստանի պատմության թանգարանի շենքից հատված, թանգարանի խորհրդանիշը և հայկական զարդանախշ:
Արծաթե հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, թողարկվել է 500 տպաքանակով ՝Լիտվայի դրամահատարանում:
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) հիմնադրվել է Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 9.09.1919 թ. №439 օրենքով՝ կազմավորվելով Կովկասի հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Թանգարանի առաջին տնօրենը հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանն էր:
Շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուն ներկայացված է հնագիտության, ազգագրության, դրամագիտության և վավերագրերի բաժիններով և տալիս է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը:
1948 թվականից ՀՊԹ-ն հրատարակում է հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, պատմությանը նվիրված գիտական աշխատություններ, հնագիտական պեղումների զեկույցներ: