ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական մրցույթը՝ հնարավորություն տալով երիտասարդներին ներկայացնել իրենց գիտատեխնիկական մշակումներն ու գաղափարները: Երիտասարդները կարող են փորձել իրենց ուժերը հետևյալ հինգ բնագավառներում՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթի հիմնական նպատակներն են երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը և զարգացումը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումը և հնարավոր ներդրումը, սոցիալական և հասարակական կարևոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսվարող սուբյեկտների և կառավարման պետական մարմինների միջև բոլոր մակարդակներում համագործակցության կատարելագործումը, երիտասարդության սոցիալական գործընկերության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքների ներդրումը պրակտիկայում:
2019 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, ապա հանձնաժողովի նիստ, որտեղ տեղի կունենա նախագծերի պաշտպանություն հեղինակների (հեղինակային խմբերի) կողմից և նախագծերի վերջնական գնահատում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է նաև մրցույթի գնահատման չափանիշների մասին, նշելով, որ կարևորվելու և գնահատվելու է ներկայացված թեմայի արդիականությունը և նախագծի գործնական նշանակությունը, մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականությունը, կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականությունը և այլն։
Կազմակերպիչները վստահ են, որ այսպիսի մրցույթները կարող են հիանալի արդյունք գրանցել և կոչ են անում ՀՀ կամ սփյուռքի երիտասարդ քաղաքացիներին հետաքրքիր գաղափարներ ու նորարարական նախագծեր ունենալու դեպքում մասնակցել ծրագրին և իրացնել իրենց գաղափարները: Մրցութային հայտներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 1-ը։