Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում հուլիսի 13-ին տեղի ունեցած միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնի ժամանակ հայկական «Կովկաս» պարային համույթի ելույթը փորձել են խոչընդոտել ադրբեջանական ու թուրքական դրոշներով անձինք:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատեր Լիանա Պողոսյանը, որի ամուսինը` Արմեն Հակոբյանը, «Կովկաս» համույթի ղեկավարն է։
Լիաննա Պողոսյանը նշում է, որ Հայաստանի ելույթից անմիջապես առաջ, վայրկյանների ընթացքում, հանդիսատեսի շարքերում հայտնվել են բազմաթիվ ադրբեջանական ու թուրքական դրոշներով անձինք, ովքեր փորձել են ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ քոչարին հայկական պար չէ:
Նա պատմում է, որ լարված իրավիճակը և երեխաների անվտանգության նկատմամբ հնարավոր սպառնալիքը անգամ չի խոչընդոտել պարային համույթի լիարժեք ներկայացմանը: Դեռ ավելին՝ նման պահվածքը ավելի է ոգևորել երեխաներին, ովքեր ավելի գեղեցիկ են ներկայացրել մեր երկիրը։ Լիաննա Պողոսյանը տեղեկացնում է, որ իրավիճակը կայունացրել է տեղի ոստիկանությունը, թուրքական հավաքի մասնակիցների մի մասը բերման են ենթարկվել, իսկ մնացածը դիմել են փախուստի։
«Միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է մեր արևելյան հարևանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների և արվեստի բարձրագույն արժեքները»,- գրել է նա։