Armenia today-ը հարցազրույցների շարք է սկսել ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ՝ նպատակ ունենալով պարզել Արցախի ներքաղաքական իրավիճակը, վեր հանել թեկնածուների կարծիքները Արցախի ներքին խնդիրների և մարտահրավերների մասին: Armenia today-ի զրուցակիցը ԱՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն է:
– Ինչպե՞ս եք գնահատում Արցախի ներքաղաքական իրավիճակը գալիք ընտրությունների նախօրյակին: Արդյոք բոլոր թեկնածուների համար պայմանները հավասար են:
-Ներքաղաքական իրավիճակը գնահատում եմ ակտիվ քաղաքական, բոլոր կուսակցությունները և քաղաքական գործիչներն ակտիվ նախապատրաստական աշխատանքի մեջ են, բայց պայմանները գնահատում եմ ոչ հավասար ու ոչ արդար: Քաղաքական ուժերից առնվազն մեկի՝ «Ազատ հայրենիք»-ի օգտին փող են բաժանում տարբեր հիմնադրամների, տարբեր ծրագրերի շրջանակում: Սա անթույլատրելի է: Պետական հաստատությունները, ուժային կառույցներն ի վիճակի չեն կամ ցանկություն չունեն կատարել իրենց ֆունկցիաները:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների տված երաշխիքին, ապա ակնհայտ է, որ այդ երաշխիքը տարածվելու է ոչ թե ընտրությունների վրա, այլ լավագույն դեպքում կարող է տարածվել միայն քվեարկության գործընթացի վրա, երբ որ դիտորդներ կգան: Այս առումով իրավիճակը մտահոգիչ է, սակայն հույս ունեմ, որ մեր հասարակությունը բավականին հասունացել է վերջին տարիների ընթացքում և ամբողջությամբ կմերժի թե՛ փողը, թե՛ փող տվողներին:
– Դիտորդական առաքելությունները չեն կարող արդյոք ապահովել ընտրությունների արդար ընթացքը:
-Հնարավոր է նախընտրական շրջանը դիտարկեն, բայց այն ծավալով աշխատանք, ինչ ծավալով կարող են անել պետական մարմինները՝ կանխելու հնարավոր օրինախախտումները ձայները գնելու գործընթացում, բնականաբար հասարակական կազմակերպությունները չեն կարող անել:
– Այդ դեպքում ինչպե՞ս եք նախատեսում աշխատել:
-Պիտի ուղղակի համոզենք բնակչությանը, որ աջ ու ձախ բաշխվող գումարները գողացված են և նրանք, ովքեր բաժանում են այդ գումարները, նպատակ ունեն ավելի շատ գումարներ գողանալ ընտրողներից՝ իշխանության գալուց հետո: Այդ մարդիկ գումար են բաժանում, որպեսզի թալանելու իրենց իրավունքից չզրկվեն և շարունակեն այն: Սա պետք է մարդկանց գիտակցության մեջ մտնի:
Այդ գողացվող գումարները կարող են դրվել ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության ոլորտներում, բայց դա չի արվում, որովհետև մի խումբ մարդիկ այդ գումարը ծառայեցնում են նեղ անձնական շահերին՝ սպասարկելով իրենց բիզնեսները:
Մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ արդյոք ուզում են ժողովրդի հաշվին բիզնես արած մարդկանց կարողությունները ուժեղացնել, թե ուզում են այս ամեն ինչը փոխել:
– Դուք, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, ներկայացրել եք Արցախյան հարցի լուծման Ձեր տեսակետը: Արդյոք տեղյակ էիք Կապանում ՀՀ վարչապետի վկայակոչած փաստաթղթերին, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի դրված էին բանակցային սեղանին:
-Իհարկե, տեղյակ էի: Այդ փաստաթղթերը վաղուց են հրապարակայնացվել, խոսքը Մադրիդյան փաստաթղթի տարբեր կետերի և սկզբունքների մասին է: Դեռևս 2005թ. Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցներում դրա հիմքերը դրվել են, որոնք էլ հետագայում հիմք են դարձել Մադրիդյան փաստաթղթի մշակման համար: Ես Կազանի վերաբերյալ 2011թ. բավականին սուր հոդված էի հրապարակել, որտեղ նշել էի, որ այս փաստաթղթի ստորագրման դեպքում Սերժ Սարգսյանն արժանանալու է Իցհակ Ռաբինի ճակատագրին: Իցհակ Ռաբինը Իսրայելի վարչապետն էր, որը պաղեստինցիների հետ խաղաղության պայմանագիր ստորագրելիս սպանվեց: Արցախի իշխանությունները բավականին կոշտ արձագանքեցին այդ հոդվածին։
Այդ փաստաթուղթը նորություն չէր և տարբեր մակարդակներում այդ կետերի և սկզբունքների մասին խոսվել է: Խնդիրն այն է, որ առնվազն 2016թ. Արցախի բոլոր հինգ խորհրդարանական ուժերի կողմից հստակ դիրքորոշում է արտահայտվել, որ մեզ համար անընդունելի է որևէ տարածքային զիջում, որևէ խաղաղապահ օտար ուժի ներկայություն Արցախում: ՀՀ իշխանություններին Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները զգուշացրել են զերծ մնալ պարտվողական, հողատվական հայտարարություններից: Հանրապետականների ճակատագիրը նաև այս պարտվողական քաղաքականության հետևանք էր:
-Իսկ պարտվողական երանգներ տեսնո՞ւմ եք ՀՀ վարչապետի՝ Արցախի հիմնահարցի երեք կողմերի համար ընդունելի տարբերակի մասին հայտարարությունների մեջ:
-Դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից ենք հարցին նայում: Եթե նայենք ընդհանուր կոնտեքստի մեջ, կտեսնենք, որ դիվանագիտական ձևակերպում է, ինչի նպատակը Ադրբեջանից նման հայտարարություն պոկելն է, ինչը հնարավորություն կտա աշխարհին ներկայանալ որպես կառուցողական՝ ի հակառակ Ադրբեջանի: Համենայն դեպս ես նման հայտարարություն չէի անի, մենք ոչ թե միջնորդի տեսանկյունից պետք է հայտարարություն անենք, այլ կողմի, իսկ մենք կոնֆլիկտի կողմ ենք և բնականաբար պետք է ձգտենք մեր օգտին վճռել այս հարցը: Իսկ այս հարցը պարզ պատասխան ունի՝ առնվազն ներկայիս տարածքով և ավելի մեծ բնակչությամբ Արցախ, հարցի ուրիշ լուծում մենք չենք տեսնում:
– Վերջերս Արցախում փոքր ՀԷԿ-երի հետ կապված հասարակական բողոքի ալիք է բարձրացել, որպես ԱՀ ԱԺ պատգամավոր, արձագանքել եք արդյոք բնապահպանական այդպիսի խնդիրներին:
-Դրա մասին բազմիցս խոսել ենք: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ այդ հարցը Ազգային Ժողովում պարբերաբար բարձրացրել է Վիլեն Սաֆարյանը, ով տվյալ ոլորտի մասնագետ է: Պատգամավորը խոսել է ջրառի, ձկնուղիների, պոչամբարների հետ կապված խնդիրների մասին և բնապահպանության նախարարն էլ բյուջեի քննարկումների ժամանակ հաստատել է, որ տարբեր խնդիրներ կան: Եվ եթե քաղաքական
Ճանապարհով այդ խնդիրները լուծում չեն ստացել, շատ լավ է, որ հասարակությունը, ակտիվ քաղաքացիները դրանք բարձրացնում են և բերում են նոր մակարդակի:
Արցախում վերջին տարիներին բարձրացված բոլոր խնդիրները, ցավոք սրտի, հնարավոր է եղել լուծել միայն հասարակական ճնշման միջոցով: Գործող, դրանից առաջ Արայիկ Հարությունյանի գլխավորած կառավարություններն ընդունակ չեն եղել խնդիրներ լուծել: Հետևաբար այս իշխանության հետ պետք է խոսել միայն հանրային ճնշման միջոցով:
Բազմաթիվ ՀԷԿ-երի սեփականատերեր արցախյան պաշտոնյաներ են, ես դա ճշտել եմ համապատասխան հարցումների միջոցով: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ընդհանուր 35 մլն դոլարի ներդրում է կատարել ՀԷԿ-երում: Արցախի ներդրումային հիմնադրամը, որը սնվում է պետական բյուջեից, փոխառություններ է տրամադրել ՀԷԿ կառուցողներին կամ սուբսիդավորել է նրանց վարկերը՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն օգնելու փոխարեն:
Նշենք, որ Արցախի նախագահի հավանական թեկնածուների հետ հարցազրույցների շարքի շրջանակներում Armenia Today-ը արդեն զրուցել է Մասիս Մայիլյանի, Քրիստին Բալայանի, Աշոտ Ղուլյանիև Ռուսլան Իսրայելյանիհետ։