Այժմ քննարկում են մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, գրադարանների և այլ կազմակերպությունների գործունեության հարցը և մշակում նորմերը: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
«Պարետի որոշման մեջ կա այն կանոնակարգը, որով պետք է առաջնորդվեն մշակութային կազմակերպությունները: Գրադարանների մասով դեռ ոչինչ չկա, բայց թատրոնները և այն թանգարանները, որոնք գործում են բացօթյա, հնարավորություն ունեն աշխատելու: Թատրոնները, միայն փորձերի տեսանկյունից, առավելագույնը 10 մարդու ներգրավվածությամբ կարող են աշխատել՝ ամբողջական կանոնները պահպանելով»,- ասաց Վիրաբյանը:
Փոխքաղաքապետը նշեց նաև, որ կան կազմակերպություններ, որոնց ընդհանուր բյուջեն գոյանում է ոչ միայն պետության սուբսիդիայով, այլև՝ սեփական եկամուտներով, օրինակ՝ թատրոնների ու թանգարանների դեպքում տոմսերի վաճառքը:
«Շատ դեպքերում աշխատավարձի ֆոնդերում ունենում են խնդիրներ, և այն կազմակերպություններին, որոնք չեն կարողանում ձևավորել արտաբյուջե ու գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, Երևանի քաղաքապետարանը կֆինանսավորի, որպեսզի հնարավորություն ունենան աշխատակիցներին 100 տոկոսով վճարել աշխատավարձը»,- Տիգրան Վիրաբյանը։