Իտալացի հետազոտողները ստեղծել են Վերածննդի դարաշրջանի վարպետ Ռաֆայելի դեմքի 3D պատկերն ու վերջնականապես համոզվել, որ նա թաղված է Հռոմի պանթեոնում։ Բացի այդ, հետազոտողները մեկ այլ՝ ավելի զարմանալի բացահայտում են արել․ ըստ նրանց՝ նկարիչն ինքնանկարներ անելիս կատարելագործել է իր դիմանկարները, գեղեցկացրել քիթը, փոխանցում է CNN-ը։
Գիտնականները նկարչի՝ 1833-ին պեղված կմախքից 3D պատկերը համեմատել են նրա ինքնանկարների հետ, ինչի արդյունքում համոզվել են, որ կմախքը Ռաֆայելինն է։ Ըստ մասնագետների՝ ինքնադիմանկարներում Ռաֆայելի քիթն ակնհայտորեն տարբեր է իրականից, և դա հիմք է տալիս կարծելու, որ նկարիչն իր դիմանկարները ստեղծելիս կատարելագործել է դիմագծերը։
«Իր նկարներում Ռաֆայելը ներկայացրել է մարդկանց գեղեցկությունը։ Հենց միայն Հռոմի պապ Լևոն X դիմանկարը լավ օրինակ է, քանի որ նա, անշուշտ, վայելչակազմ չէր»,- ասել է Հռոմի Տոր Վերգատայի անվան ինստիտուտի մոլեկուլային կենսաբանության պրոֆեսոր Մաթիա Ֆլակոնին։
Ըստ գիտնականի՝ 1833-ին գտնված կմախքից հետագայում արդեն կարելի է նկարչի մասին գենետիկ այլ մանրամասներ իմանալ, ինչպես օրինակ, աչքերի, մազերի, մաշկի գույնը։ Ըստ Տորի՝ արդեն կարելի է ասել, որ 16-րդ դարի 37-ամյա տղամարդու համար Ռաֆայելը հրաշալի ատամնաշար է ունեցել, ինչը ցույց է տալիս, որ նա հատուկ խնամքով է վերաբերվել իրեն ու սննդակարգին։