Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ВДНХ) հայկական տաղավարում հայկական գինու փառատոնի ժամանակ տրվել է «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագծի պաշտոնական մեկնարկը:
«Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծն իրականացվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) կողմից՝ Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության (ՌՍՓՄ) հետ համագործակցությամբ։ Նախագծի նպատակն է կրթական և մարքեթինգային ծրագրերի միջոցով ճանաչելի դարձնել հայկական գինիները Ռուսաստանի Դաշնության խոշոր քաղաքներում:
Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը Մոսկվայում նախագիծը ներկայացրել է հինգ տասնյակից ավելի լրագրողների և բլոգերների, որոնց թվում էին Simple wine news, Винная карта, Retail.ru, WineRetail.info և Алкоэксперт գինու մասնագիտացված կայքերի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև գինու փորձագետներ, սոմելիեներ և դիստրիբյուտորներ Amelia, Alianta, L-Wine և այլ ընկերություններից:
«Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծը կիրականացվի մի քանի փուլով: Առաջին փուլում ՌՍՓՄ-ն կուսումնասիրի ռուսական գինու շուկան, որից հետո, ՀԽԳՀ-ի հետ համատեղ, կմշակի մարքեթինգային ռազմավարություն և կկազմի խթանման գործողություների պլան:
Հաջորդ փուլում կմշակվի և ռուսերեն լեզվով կկազմվի երեք տարբեր մակարդակի ծրագիր Հայաստանի գինեգործության պատմության, խաղողի տեղածին սորտերի և գինու բրենդերի մասին, կտպագրվի տեղեկատվական բրոշյուր «Հայաստան. խաղողագործություն և գինեգործություն» թեմայով՝ սոմելիեների և գինու դպրոցի ուսանողների համար, կանցկացվեն դասախոսություններ և սեմինարներ գինու ոլորտի մասնագետների համար:
Այս ծրագրի շրջանակում նաև նախատեսվում է սոմելիեների և գնորդների, ինչպես նաև ռուսաստանցի լրագրողների և հայտնի բլոգերների այցը Հայաստան և նրանց շրջագայությունը երկրի գինու տարածաշրջաններ ու գինեգործարաններ: Հայաստան այցերի հետ կապված ծրագրերը կիրականացվեն երկու երկրների միջև ճանապարհորդության սահմանափակումների վերացումից և համավարակային միջոցառումների ավարտից հետո: