Լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվող լուրի մասին, թե երգչուհի, ԱԺ 6-րդ նստաշրջանի ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում մի քաղաքացու է հարվածել, Armenia Today-ը զրուցեց հենց նրա հետ՝ առաջին դեմքից իմանալու կատարվածի մանրամասները.
«Միջադեպ տեղի ունեցավ, որն ունի նախապատմություն: Ես խանութում գնումներ էի անում և մտավ մի կին, որն ասաց. «Էս դավաճանն ի՞նչ գործ ունի մեր խանութում»:
Այնքա՜ն անպարկեշտ էր այդ արտահայտությունը, որ չպատկերացրի, թե ինձ է ուղղված: Շուռ եկա, ինձ էր նայում, ասացի՝ կներեք, տիկին, ի՞նձ եք ասում, ասաց. «Հա-հա, քո հետ եմ, դավաճանն ի՞նչ գործ ունի մեր խանութում, ա՛յ թալանչի, ա՛յ հայրենիք ծախած, մնացածը գիտեք արդեն. զոմբիների ողջ բառապաշարը թափվեց այդ խանութում:
Ես պիտի ասեմ Ձեզ, որ այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, նա է սերմանել այս ատելությունը մարդկանց մեջ՝ աշխատեցնելով իր ՊՈԱԿ-ները, այդ հսկայական ֆեյքերի ինդուստրիան, որոնք խեղում էին մարդկանց մասին կարծիքը, հատկապես այն մարդկանց մասին ովքեր պետականամետ են, ովքեր իսկապես սրտացավ են ու սիրում են հայրենիքը:
Պարզապես զոմբիները դուրս եկան արդեն ֆեյք կատեգորիայից դեպի փողոց: Սրան պետք է վերջ տալ»:
Իսկ հարվածել է արդյոք երգչուհին այդ կնոջը՝ պատասխանեց. «Եղել է փոքրիկ միջադեպ»:
Նա պատմեց, որ սա առաջին դեպքը չէ: Նույն կինն էլի սադրել իրեն, պարզապես ինքը չի էլ իմացել: Հետո են պատմել, որ խանութում նույնիսկ զգուշացրել են, որ իր հաշիվները դրսում պարզի, իսկ խանութում իրեն նման բան թույլ չտա:
«Այնպես որ՝ սա հին ատելություն է»,- ասաց երգչուհին, քաղաքական գործիչը:
Իսկ սովոր չէ՞ այս ատելությանը Պետրոսյանը՝ ոչ, սովոր չէ: Հնարավոր չէ սովոր լինել նման բանի:
Հիշեցնենք, որ լրատվամիջողների հավաստմամբ, Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, դեկտեմբերի 14-ին, Ոստիկանություն դիմած Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանի ահազանգի փաստով։
Վերջինս ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Արաքսյա Սնխչյան