Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:30-ին, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Ազատամարտիկների հուշահամալիրում՝ բաց երկնքի տակ (անձրևի դեպքում՝ փակ երկնքի տակ՝ Մշակույթի տան դահլիճում) տեղի կունենա ամենամյա «Ծիրանի ծառ» Ուջանի միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։ Ելույթ կունենա Ուջանի երգչախումբը։
«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնն իրականացվում է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, «Մոսկվա» կինոթատրոն ՍՊԸ-ի և Ուջան համայնքի գյուղապետարանի համատեղ ջանքերով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերներն են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, «Այրուձի» էկոմշակութային հեծյալ ակումբ հասարակական կազմակերպությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը, «Անտարես» մեդիա հոլդինգը, Երևանի «Գյոթե» կենտրոնը և «Ոսկե ծիրան» ԿԶՀ-ն:
Որպես ամփոփում՝ փառատոնի ավարտին կցուցադրվի ռուս անվանի կինովավերագրող Ալեքսանդր Ռաստորգուևի «Վերջին օրը» կարճամետրաժը, որտեղ բոլորովին յուրատիպ դիտանկյունից՝ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի աչքերով, ցուցադրվում են Հայկական թավշյա հեղափոխության եզրափակիչ օրվա իրադարձությունները:Առաջին անգամ «Ծիրանի ծառ» կինոփառատոնն անցկացվել է 2015-ի հոկտեմբերին: