Յուրաքանչյուր հայ լսել է Շառլ Ազնավուրի անունն ու երգերը, բայց թերևս քչերը գիտեն նրա կյանքի թաքուն կողմերը, հոգու խորքում թաքնված երազանքներն ու մտքերը: Ազնավուրին մի փոքր ավելի լավ բացահայտելու հույսով, մենք հավաքել ենք տարբեր տարիներին ու տարբեր առիթներով նրա արտահայտած ամենադիպուկ մտքերից մի քանիսը.
Ես միշտ ձգտել և ձգտում եմ դեպի իմ հանդիսատեսը, լեզուներ եմ սովորում, փնտրում եմ թարգմանիչներ։ Ես կարծում եմ, որ արտիստն իր հանդիսատեսի հետ պետք է իր լեզվով խոսի։ Սա է պատճառը, որ ես 7 լեզվով եմ երգում և փորձում եմ բեմից հանդիսատեսի լեզվով խոսել։
Յուրաքանչյուրի կյանքն իր ձեռքերում է, իմ ճակատագիրն այդ ամենի ապացույցն է։ Բայց հարկավոր է առաջին հերթին ճիշտ դռների մոտենալ եւ կարողանալ բացել դրանք։
Մարդիկ սխալներ են անում, դա սովորական բան է: Երբ ես առաջին անգամ ամուսնացա, շատ երիտասարդ էի, կինս էլ. նա 17 էր, ես՝ 21: Միշլինն ու ես դուստր ունեցանք՝ Սեդան: Այդ ամուսնությունը 5 տարի տևեց: Իմ երկրորդ կնոջ անունը Էվելին էր, բայց սա արդեն ուրիշ ու ավելի կարճ պատմություն էր՝ դարձյալ սխալմունք:
Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս:
Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: