Գառզուն՝ իսկական անունը Գառնիկ Զուլումյան, ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ է: Ավարտել է Կահիրեի Գալուստյան վարժարանը և ֆրանսիական լիցեյը, 1929 թ-ին՝ Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել է Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան:
Գառզուի գործերում իրականությունը շատ հաճախ պատկերվում է տեսիլ-աշխարհների ձևով:Այս գիծը դարձել է նրա գեղանկարչության տարբերիչ գծերից մեկը: Հայտնի են «Երազների ծովախորշը» (1951 թ.), «Վենետիկ» (1953 թ.), «Բուժիվալի լքված պալատը» (1954 թ.), «Ապոկալիպսիս» (1957 թ.), «Երկաթուղի» (1958 թ.), «Երկրային դրախտ» (1959 թ.) նկարաշարերը, «Լքված նավահանգիստը» (1966 թ.) վիմագրությունը, «Քաղաքը» (1972 թ.) խորհրդանշական պատկերը և այլ գործեր:
Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ: Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում, Գրանդ օպերայում, Միլանի Լա Սկալայում, որոնցից ուշագրավ են Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ», Շառլ Ադանի «Ժիզել», Ժան Ռասինի «Գոթողիա» ներկայացումները:
Գառզուն, ապրելով Հայաստանից հեռու, միշտ պահել է կապը Հայաստանի հետ. Նա Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400, իսկ ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների՝ 50 գրաֆիկական գործեր