Օգոստոսի 21-ին մեկնարկել է շախմատի առցանց օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի մրցաշարը: Առցանց օլիմպիադայի մեդալների համար պայքարոցղ 40 ուժեղագույն հավաքականները բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականի խմբի մրցակիցներն են Ալժիրը, Մարոկկոն, Անգլիան, Ռուսաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Թուրքիան, Խորվաթիան եւ Եգիպտոսը:
Ինչպես տեղեկանում ենք chess-results.com-ից, առաջին տուրում մեր հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Ռումինիայի ընտրանուն, իսկ երկրորդ տուրում՝ 2,5։3,5 հաշվով պարտվել բուլղարացիներին։
Արդեն երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականն առավելության է հասել Թուրքիայի թիմի նկատմամբ 4,5։1,5 հաշվով։ Հաղթանակ են տարել Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Ոչ ոքի է խաղել Լիլիթ Մկրտչյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն է կրել։
Յուրաքանչյուր խմբի հաղթողները կանցնեն քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ևս 4 ուղեգրերի համար կմրցեն այն թիմերը, որոնք կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը:
Խմբային փուլը կավարտվի օգոստոսի 23-ին: