Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ սահմանային լարվածության ֆոնին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ հանդես գալով ելույթով: Այնուհետև նիստը շարունակվել է փակ ռեժիմով, գրում է minval.az-ը: Ադրբեջանի նախագահը չի դավաճանել իր գործելակերպին և Հայաստանի ղեկավարության վրա է թողել Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած՝ իրենց իսկ կողմից հրահրած սադրանքի պատասխանատվությունը:
Ալիևը հայտարարել է, թե իբր երեկ ցերեկը հայ զինվորականները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչն անսպասելի հարված է եղել իրենց համար և հանգեցրել իրենց զինծառայողների մահվան։
«Երեկ մեր տարածքի ոչ մի սանտիմետր մենք թշնամուն չենք տվել։ Հայաստանի իշխանությունների այդ գործողությունները տրամաբանությանը չեն ենթարկվում, և դրանք վտանգ են ներկայացնում հենց Հայաստանի համար», -հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել անցկացնել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
Հայկական կողմից կորուստներ չկան: Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկի տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմին ու հրամանատարությանը հրահանգավորված է դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:
Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
Ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Prezident İlham Əliyevin sədrliyi ilə Təhlükəsizlik Şurasının iclası keçirilib
Опубликовано ASAN Radio Понедельник, 13 июля 2020 г.