ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ «Sky News Arabic» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր տարբեր դավանանք ունեցողների միջև կառուցել խաղաղության և հանդուրժողականության վրա հիմնված հարաբերություններ՝ աշխարհն ավելի խաղաղ և անվտանգ դարձնելու համար, Մնացականյանը նշել է. «Կարծում եմ, որ Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի՝ արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի ժողովրդի հետ համերաշխ ապրելու պատմությունն, ուղեցուցային է, թե ինչպես կառուցել փոխադարձ հարգանքի և հոգատարության վրա հիմնված հարաբերություններ: Մենք խորը հարգանք ենք տածում իսլամի նկատմամբ և ունենք իսլամի հետ ապրելու պատմական փորձ:
Մեր ինքնությունը մեզ սովորեցրել է արժևորել և կարևորել ուրիշների պատմությունը, աշխարհընկալումը և հոգատարությունը` ժխտելով կրոնի քաղաքականացման ցանկացած փորձ: Վերջինիս մենք երբեմն առերեսվում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, երբ ականատես ենք լինում որոշ ծայրահեղ անպատասխանատու քաղաքական գործիչների փորձերին՝ ներդնելու կրոնի փաստարկը, ինչը մեզ համար անհեթեթ է, որովհետև մենք՝ որպես քրիստոնյա, իսլամի հետ համերաշխ ապրող ազգ ենք: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացարձակապես կրոնի մասին չէ»։