Վերջին կես տարում ռազմական բեռների որևէ մատակարարում չի կատարվել Ադրբեջան. Լուկաշենկո
ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը մեկ անգամ ևս ընդգծել է՝ վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական բեռների որևէ մատակարարում չի կատարվել Ադրբեջան: Հաղորդագրության մեջ Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանությունը հիշեցնում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որում Լուկաշենկոն հստակ և միանշանակ պատասխանել է իր հայ գործընկերոջ հարցին, ասելով․ «Վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական արդյունաբերական համալիրի միջոցով ոչ մի ռազմական բեռ չի մատակարարվել ոչ Ադրբեջան, ոչ էլ Հայաստան»: Դեսպանությունից նշել են, որ դա ամենաճշգրիտ և հավաստի տեղեկատվությունն է, որին վերադառնալն իմաստ չունի:
Դեսպանությունը նաև հավելել է, որ Բելառուսը պատրաստ է տրամադրել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն՝ կողմերի միջև երկխոսությունը խթանելու գործում՝ կողմերի համար ընդունելի ձևաչափերով:
«Բելառուսն անկեղծորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններով: Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից»,-ասված է հայտարարությունում: