Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում, նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության՝ իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը Հայաստանի արձագանքի վերաբերյալ հարցի։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայտնի իրանցի գիտնական, ԻԻՀ պաշտպանության նախարարության պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ։
Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում»,-նշված է Նաղդալյանի պատասխանում։
Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ սպանվել է իրանցի միջուկային հարցերով գիտնական Մոհսեն Ֆախրիզադե։ Իրանական կողմը կատարվածում իսրայելական հետք է տեսնում։