Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ պատասխանատու պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմից մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ուղերձում ասված է. «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Վրաստանի վարչապետի պաշտոնին վերանշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում` ի շահ եղբայրական Վրաստանի»:
Ըստ վարչապետի՝ անցած մեկուկես տարվա ընթացքում երկու երկրների կառավարությունների միջև ձևավորվել է արդյունավետ և փոխշահավետ համագործակցության մթնոլորտ՝ հիմնված երկու ժողովուրդներին միավորող բազմադարյա պատմական կապերի և մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա։
«Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»,-նշված է ուղերձում։
Նշենք, որ նախօրեին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե է տվել վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիային, նրա կառավարության կազմին եւ կառավարական ծրագրին։