Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի օրը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է հաջորդ տարի երկու երկրների փոխգործակցության հարցերը: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Azertag պետական լրատվական գործակալությունը։
«Հանդիպմանը քննարկվել են 2021 թվականին Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գյուղատնտեսական ոլորտներում համագործակցության ուղղությունները, վստահություն է հայտնվել կապերի հետագա ընդլայնման հարցում», – ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ փոխվարչապետը Բաքու կատարած այցի ընթացքում ադրբեջանական պետության ղեկավարին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները:
Ալիեւն ու Օվերչուկը նշել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը: «Ընդգծվել է, որ չնայած 2020 թվականին կորոնավիրուսի պանդեմիային, տնտեսական ոլորտում կապերը զարգացել են», – նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մինչ այդ Օվերչուկը հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։