Օրերս մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե Մառնեուլիում կրակել են բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա և, ելնելով անվտանգության նկատառումներից, բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին զգուշացվել է բեռնափոխադրումներ իրականացնել Բավրայի անցակետով, փաստորեն, չհաստատվեցին։ Armenia Today-ը փորձեց պարզել, թե ի՞նչ է հայտնի այս իրադարձության մասին վրացագետ Ջոնի Մելիքյանին։
«Գուցե դա սադրանք էր, գուցե՝ չճշտված տեղեկություն,- ասաց վրացագետը,- քանի որ տեղեկությունը հերքել է ոչ միայն ՏԿԵ նախարարությունը, այլ իրենց վրացի գործընկերները»։
Վրացագետն ասաց՝ շատացել են Telegram-ալիքները, որտեղ չվերահսկվող տեղեկատվություն է տարածվում, իսկ լրատվամիջոցները շղթայաձև տարածում են չճշտված լուրերը։
Հիշեցնենք, որ կիրակի լուր տարածվեց, որ վրացական Մառնեուլի քաղաքում կրակել են հայկական բեռնատարների վրա։ Վայրը, որտեղ, իբրև, տեղի է ունեցել միջադեպը, բնակեցված է ադրբեջանցիներով։