Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) երկուշաբթի կայացած նիստում ընդունել է նախագահին ուղղված դիմում՝ խորհրդարանը լուծարելու և օրենսդիր մարմնում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ որոշմանը կողմ է քվեարկել խորհրդարանի 99 պատգամավոր, մեկը՝ դեմ է քվեարկել, մեկը՝ ձեռնպահ մնացել, ևս մեկը չի քվեարկել։
«Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 98.1-ին հոդվածի համաձայն դիմել երկրի նախագահին՝ Միլի Մեջլիսը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին», – ասված Է օրենսդիր մարմնի որոշման մեջ:
Փաստաթղթում ընդգծված է, որ բարեփոխումների արագացումը և նրանց կողմից իշխանության բոլոր ճյուղերի ընդգրկման անհրաժեշտությունը «պահանջում են կատարելագործում, արդյունավետության բարձրացում և Միլի մեջլիսի գործունեության նորացում»։
«Միլի մեջլիսը չպետք է անմասն մնա երկրում իրականացվող բարեփոխումների ընդլայնման և խորացման գործընթացից», – նշվում է որոշման մեջ: Դրանում նաև ընդգծվում է, որ պատգամավորների մեծամասնությունն անհնար է համարում ստեղծված պայմաններում շարունակել խորհրդարանական գործունեությունը և համոզված է, որ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած Է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում Է կառավարող կուսակցությանը: Երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանային 2020 թվականի նոյեմբերին: