Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի մոտ 80 տոկոսը։ Այսինքն եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարեք 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Իրավիճակն ավելի պարզ ներկայացնելու համար պատգամավորը սանդղակ է ներկայացրել, թե որ գնով բնակարանի համար որքան գույքահարկ պետք է վճարել 2026 թվականին։ «Սրանք մոտավոր միջինացված թվերն են, բայց ընդհանուր պատկերացում են տալիս սպասվող փոփոխությունների մասին»,-գրել է նա։
Պատգամավորը նշել է, որ 60 միլիոն դրամ և ավել գնահատված ընդամենը 10 000 բնակարան կա ամբողջ երկրում։ «Երեկ շատ էին խոսում միայնակ թոշակառուներին պատկանող ինչ-որ աստղաբաշխական գներով բնակարանների մասին։ Ի՞նչ եք կարծում, այս 10 000 բնակարաններից քանիսի՞ սեփականատերերն են միայնակ թոշակառուները, իսկ քանիսինը՝ վարձու աշխատողներ կամ գործարարներ, որոնց եկամտահարկն ու շահութահարկը այս տարվանից իջեցվել է համապատասխանաբար 5 և 1 տոկոսով (ու ևս մեկական տոկոսով իջեցվելու է հաջորդ և այն մյուս տարի)»,-այսպիսի հարցադրում է արել պատգամավորը։
Նա նաև հշեցրել, որ հաջորդ տարի քաղաքացիները վճարելու են աղյուսակում նշված գույքահարկի 25 տոկոսը միայն, 2022-ին՝ 30 տոկոսը, 2023-ին՝ 35 տոկոսը, 2024-ին՝ 50 տոկոսը, 2025-ին՝ 75 տոկոսը, և միայն 2026-ից սկսած ենք վճարելու ամբողջ 100 տոկոսը։