Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական անկումը կազմել է 4.7%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.5%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7%-ով, շինարարությունում անկումը կազմել է 23.4%, առևտրի շրջանառությունը կրճատվել է 11.1% -ով, ծառայությունների ծավալը(առանց առևտրի) կրճատվել է 6.4%-ով, արտահանումը նվազել է 6.5%-ով, ներմուծումը նվազել է 12.9%-ով։ Տվյալները ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Սրանք հրապարակված պաշտոնական տվյալներն են, և եթե կարճ արտահայտվելու լինեմ՝ չեմ հավատում այս թվերին, որովհետև երկիրը գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ, և վերջինիս հետևանքները, որ մենք տեսնում ենք, այս թվերով արտացոլված չեն։ Հետևաբար, թվերը կրկին շարունակվում են կեղծվել»,-գրել է նա։