Այս իշխանությունները համավարակի շրջանի երկու ամսվա ընթացքում դիմակ չկրելու համար ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում։ Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանի կարծիքով` համավարկով պայմանավորված իրավիճակի գնահատումն էր հենց սկզբից սխալ, նախապատրաստական աշխատանքներ գրեթե չեն արվել ընդհանրապես, իրար հակասող որոշումներ, հայտարարություններ են եղել պաշտոնյաների կողմից:
«Մենք ունենք սահման 4 երկրի հետ, որից 2-ի հետ փակ է, Իրանի հետ ունենք մեկ անցակետ, մյուս երկիրը Վրաստանն է, որտեղ կորոնավիրուս գրեթե չկա, որտեղից հայտնվեց այս ամենը Հայաստանում: Սահմանների փակ լինելը մի վիճակ է, որը վնաս է հասցնում մեր տնտեսությանը, գրեթե բոլոր ոլորտներին, համաճարակի պայմաններում շատ ավելի հեշտ էր փակել երկիրը եւ խուսափել այս իրավիճակից, դա էլ չստացվեց: Սա միակ դեպքն էր, երբ մեր մասնակի շրջափակումը կարող էր առավելություն դառնալ երկրի համար, չաշխատեց»,-նշել է նա՝ հավելելով, որ երկրում 5 ամիս է` արտակարգ իրավիճակ է , և եթե համեմատում ենք թվերն այն երկրների հետ, որոնք ոչինչ չեն արել, օրինակ Բելառուսի հետ, մեզ մոտ ավելի վատ է, քան Բելառուսում։
«Հիմա հարց է առաջանում` մեր կառավարության ձեռնարկած քայլերը ուր են մեզ բերել, ինչի է մեզ մոտ վիճակը ավելի վատ, քան այն երկրում, որտեղ ընդհանրապես ոչինչ չեն արել, սա մի հարց է, որի պատասխանը ես չունեմ: Ընդամենը մոտ 500 մահ Բելառուսում և 60 հազար դեպք, որը 10 միլիոն բնակչության հետ համեմատենք, շատ ավելի բարվոք վիճակ է, քան Հայաստանում»,-նշել է նա:
«Մի բան ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ` 2 ամսում շատ ավելի մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում, եւ ինչի՞ համար, դիմակ չկրելու համար: Բայց խոսքի մեջ ժողովրդին մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք: Մի սիրեք, բայց ճիշտ կառավարեք, որ 900 հոգի չմեռնի: Հիմա էդ սիրված, բայց ասֆալտին փռված հպարտ քաղաքացին թող ինքը մտածի, թե ինչու է երկիրը հանձնել այս կառավարությանը, որոնք ասում են, որ դու ես մեղավոր, որ 900 հոգի մահացել է: Անընդունելի եմ համարում, ուղղակի սա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի հանդեպ»,-նշել է երկրորդ նախագահը:
Նրա խոսքով՝ հետո էլ տնտեսական կառավարման անաջողությունները կառավարությունը կբարդի ժողովրդի վրա, անգամ եթե պատերազմ լինի, դարձյալ ժողովրդին կմեղադրեն։