ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի ունեցած նիստում որոշեց կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները համարել իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ, եթե առկա են որոշակի պայմաններ։
Համաձայն որոշման՝
1.Նախկին կառուցապատողը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը նոր կառուցապատողը ձեռք է բերել աճուրդային կարգով:
2. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների գնորդ է համարվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այն ֆիզիկական անձը, որը նույն սնանկության վարույթի շրջանակներում նույն գույքի մասով օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից ճանաչվել է որպես պարտատեր, կամ որը կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի կառուցապատողի հետ ունեցել է այդ նույն կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ձեռք բերման պայմանագիր, և այդ պահանջը գրանցված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
3. Առկա է բոլոր շահագրգիռ կողմերի փոխադարձ նոտարական կարգով հաստատված համաձայնությունը՝ անավարտ շինարարությունն ավարտին հասցնելու և բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների առք ու վաճառքի գործարքները սահմանված կարգով որոշվող գնով կատարելու վերաբերյալ։