ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 20-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանում է երկու միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհ։ Դրամաշնորհի միջոցները կօգտագործվեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար, մասնավորապես՝ պաշտպանիչ անձնական սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ընդհանուր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար։
Նշվում է, որ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը կենսական նշանակություն ունի համավարակի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար։