ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։ Այս մասին տեղեկանում ենք Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
Էնֆիաջյանը ներկայացրել է հետևյալ առաջարկները, ըստ որի՝ պետք է նախատեսել անհրաժեշտ դրամական միջոցները՝
-Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 19, Վարդաշեն 6-րդ փողոցի 66ա/1 և Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար։
-Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն փողոցում ջրագծերի վերանորոգման և Վարդան Աճեմյան 1-ին նրբանցքի կոյուղատար համակարգի կառուցման համար:
-Տավուշի մարզի սահմանապահ Կոթի գյուղի Աքորու մշակութային տան հիմնովին վերանորոգման համար:
-Ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների չափը 2021 թվականին բարձրացնելու նպատակով։
-Երևան քաղաքի Նուբարաշեն քաղաքային աղբավայրի խնդիրը լուծելու և այն ընդունված չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:
-Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի 19/1, Խաղաղ Դոնի 23 և 27 շենքերում վերելակների փոփոխման համար:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ շուտով ներկայացնելու է նոր առաջարկներ տարբեր ոլորտների հիմնային խնդիրների հետ կապված։