Հայաստանում համախառն աշխատավարձի ֆոնդը 2020 թվականի հուլիսին կազմել է 127 մլրդ 391 մլն դրամ, ինչը մոտ 7 մլրդ-ով ավելի է նախորդ ամսվա համեմատ: Այս մասին այսօր հայտնել Է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշը վկայում է ընթացիկ տարվա ապրիլից կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային ծրագրերի բարձր արդյունավետության մասին, որոնք միտված են աշխատատեղերի պահպանմանը և աշխատավարձերի իջեցման կանխարգելմանը: Վարչապետի այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով Armenia Today-ը դիմել է տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանին:
Ինչպես նշել է փորձագետը, այդ վիճակագրությունը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ է տվյալների ավելի լայն բազա։ Դրա հետ մեկտեղ, միանգամայն հնարավոր է, որ մենք գործ ունենք սեզոնային, օրացուցային գործոնի հետ։ Այստեղ որոշակի դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ տնտեսական ակտիվությունը, որպես կանոն, տարեվերջին աճում է։ Նաև պետք է արձանագրել, որ երկիրն արդեն մի փոքր վերականգնվել է համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական շոկից, և այդ թվերը արտացոլում են այդ դինամիկան. նշել է Հրանտ Միքայելյանը:
Ինչ վերաբերում է տարեվերջյան կանխատեսումներին, ապա, Միքայելյանի կարծիքով, լուրջ փոփոխություններ ակնկալել պետք չէ։ «Կարծում եմ՝ այս պահին մենք մոտ ենք իրավիճակի կայունացմանը։ Ամեն դեպքում լուրջ փոփոխություններ ակնկալել այս կամ այն ուղղությամբ պետք չէ, ներկա իրավիճակը, հնարավոր է, փոքր շեղումներով, պահպանվի նաև տարեվերջին», -նշեց Հրանտ Միքայելյանը։