ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ում ներդրումների ներգրավման խնդրին և մեկնաբանել Հայաստանի գազատրանսպորտային ցանցը Ռուսաստանին վաճառելու վերաբերյալ հնչող քննադատությունները։
«Մեղադրում են, ասում են՝ ռուսներին ակտիվը տվեցի և այլն։ Ամբողջ «ՀայՌուսգազարդը» մի հատ փտած խողովակ էր՝ մոտ 30 հազար բաժանորդով։ Բալանսային արժեքը 18 միլիոն դոլար էր»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ հենց այդպիսին էր իրավիճակն այդ տարիներին։ Իսկ հիմա երկրի 90-ից ավելին գազաֆիկացված է, երկար տարիներ պահպանվել է գազի կայուն գինը։
«Գազաֆիկացումից հետո անտառահատումները կանգնեցին։ Մենք քանի տարի գլխացավանք չենք ունեցել անտառահատման հետ՝ մինչև գազի գինը մի քիչ չթանկացավ:
Գիտե՞ք ինչու են երկաթուղին բերել, որովհետև ես եմ խնդրել։ Երկաթուղու այն ժամանակվա տնօրենի հետ քանի՛ հանդիպում եմ ունեցել. պնդել եմ, որ պետք է գա։ Հաջորդ քայլը պետք է լիներ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը»:
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ նախքան դա բոլորը գողանում էին՝ ով որտեղից ուզում էր. եռակցումով միանում էին հիմնական խողովակին ու գազն օգտագործում։
«Նորմալ երկիր չի գալու այստեղ։ Այլևս չեմ հավատում, որ հնարավոր է լինելու «Ռուսական երկաթուղիների» հետ քննարկել նոր երկաթուղու հարցը։ Ի դեպ, բավական լուրջ քննարկում էինք Պարսկաստանի հետ։ Ուղղակի, ափսոս, այն ժամանակ Չինաստանը այդպիսի խոշոր պետական ծրագրեր դրսում չէր իրականացնում։ Չինաստանի հետ նույնպես համագործակցելով, վստահ եմ, որ մենք այսօր կունենայինք այդ երկաթուղին: Մեզ միշտ ասում էին՝ ներկա փոխադրումների, բեռնափոխադրումների ծավալը բավարար չէ այդ երկաթուղու եկամտաբերության համար։ Մեզ համար դա պետք է լիներ քաղաքական ծրագիր։ Մենք ասում էինք՝ մենք ներկայով չպե՛տք է հաշվենք, մենք պետք է հաշվենք, թե ինչ կարգի բեռնափոխադրումներ են ավելանալու, եթե այդ երկաթուղին լինի։ Այդ թվի շուրջ էր մեր բանավեճը»:
Քոչարյանն անդրադարձավ նաև «Պեռնո Ռիկար» ընկերության Հայաստան մուտքին՝ նշելով, որ դա ևս շատ դժվար գործարք էր։ Չնայած քննադատություններին՝ իր համար կարևոր է եղել «վերամշակող և գյուղացի» հարաբերությունների մշակույթը ներդնելը Հայաստանում։ «Պեռնո Ռիկար» ընկերությունն այդ մշակույթը մտցրեց։
Նա նկատեց, որ «Ռենկո» ընկերության մուտքը Հայաստան փոխել է շինարարական մշակույթը։
Հիշեցնենք` 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր ստորագրվեց, որով Հայաստանի կառավարությունը պարտավորվեց մինչև 2014 թվականի հունվարի 17-ը «Գազպրոմին» փոխանցել «ՀայՌուսգազարդում» Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը՝ 155 միլիոն դոլարի պարտքը մարելու համար, որն առաջացել էր նախորդ ամիսներին մատակարարված ռուսական գազի դիմաց:
2014 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև կնքվող «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին։
Այնուհետև Մոսկվայում` «Գազպրոմի» կենտրոնական գրասենյակում, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ստորագրեցին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունում ՀՀ կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու պայմանագիրը:
«ՀայՌուսգազարդը» 100 տոկոսով դարձավ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը և վերանվանվեց` դառնալով «Գազպրոմ Արմենիա»: