Հայաստանում 70 հազար աշխատատեղերի կրճատումը եղել է ապրիլին, որն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ արդեն հուլիսի տվյալներով 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատատեղերը ավելացել են 6600-ով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե կորոնավիրուսից առաջ և հետո ՀՀ աշխատաշուկայում ի՞նչ պատկեր է։
Նշենք, որ ԼՀ խմբակցության ղեկավարը մեջբերեց վարչապետի՝ Կառավարության նիստի ժամանակ նախանշած տվյալները, ըստ որի աշխատատեղերը այս տարի ավելացել են 6600-ով, մեկ մարդու աշխատավարձը աճել է միջինը 13500 դրամով. իսկ մինչ այդ եղել էր տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված մոտ 70 հազար աշխատատեղ կրճատվել է։ Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյոք 70 հազար աշխատատեղ վերականգնվել է և դրան գումարվել է 6600-ը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարդիկ աշխատատեղերի վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացնում և հարկ են վճարում դրա համար: Այսինքն այս թվերը կոնկրետ հաշվետվությունների արդյունքում գոյացած թվեր են, որոնք չեն կարող օդից լինեն, և հաշվետվություն ներկայացնողի համար հարկային պարտվորություն են ենթադրում:
«Դա եկամտահարկի հաշվետվություններն են: Ես կհանձնարարեմ, որ այդ վերլուծությունները ձեզ էլ տրամադրեն, ինչը ինձ են տրամադրել: Այդտեղ մարդկային գործոնը բացառված է, որովհետև ինքնաշխատ թվայնացված համակարգ է»,-ասաց նա:
Փաշինյանը խոստովանեց, որ ենթադրվում է, որ այդ աշխատատեղերի մեջ կան աշխատատեղեր, որոնք պարզապես ստվերից են դուրս եկել:
«2018-ից մինչև 2020 թվականը ՀՀ-ում հսկայական թվով աշխատատեղեր են ի հայտ եկել, բայց չեն կարող ասել, թե դրանցից քանիսն է զրոյից ստեղծվել, քանիսն է ստվերից դուրս եկել և մտել հարկման դաշտ:
Այո, 70 հազար աշխատատեղերի կրճատումը ապրիլին այն գործոններից մեկն էր, որը կանխորոշեց կորոնավիրուսի համատեքստում մեր հետագա գործողությունները: Մենք համարեցինք, որ մեր երկիրը չի կարող քնած վիճակում լինել»,- ընդգծեց վարչապետը։
Նա հույս հայտնեց, որ օգոստոսի տվյալները ավելի լավն են լինելու, քանի որ մարզերում զբոսաշրջային ոլորտը աշխատել է բառիս բուն իմաստով ծանրաբեռնված: