ՊԵԿ-ում հիմա քննարկվում են տարբերակները, որպեսզի հագուստ ներկրողների դժգոհությունները գոնե ինչ-որ հասկանալի լուծում ստանան: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին՝ արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են՝ հագուստ ներկրողների խնդրի վերաբերյալ:
«Կարող եմ մի բան վստահեցնել՝ իրերի քաշային մաքսազերծման գործընթացներից մենք պետք է դուրս գանք օր առաջ, որովհետև, երբ պատրաստի ապրանքատեսակը մաքսազերծվում է քաշով, դա լուրջ խնդիրներ է առաջանցում ամբողջ ֆիսկալ համակարգի իմաստով և, ի վերջո, ԵԱՏՄ կանոնակարգումների ներքո, որովհետև այդ ապրանքների շարժը և հետագծելիությունը ուղղակի մաքսազերծման պահից վերանում է»,- նշեց նա:
Նշենք, որ Հայաստան ներմուծվող հագուստն ու կոշիկն այսուհետ մաքսազերծվելու են միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը հարուցել է ներկրողների դժգոհությունը։ Եթե նախկինում կիլոգրամով էին հագուստն ու կոշիկը մաքասազերծվում, ապա այսուհետ, համաձայն նոր որոշման, հագուստն ու կոշիկը հատով, քանակով է մաքսազերծվելու։