Հայաստանի Հանրապետությունից Ռուսասատանի Դաշնություն մսի և մսամթերքի ներմուծման արգելքը հանելու վերաբերյալ բանակցություններ են անցկացվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ընթացքում: Այս մասին հայտնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունը ակտիվ գործողություններ ու միջոցներ է ձեռնարկել այդ հիվանդության դեմ պայքարի նպատակով. զարգացել ու բարելավվել են լաբորատոր հնարավորությունները, օգտագործվել են ժամանակակից որակյալ պատվաստանյութեր, պարբերաբար անցկացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ:
Նշվում է, որ ռուս գործընկերներին տեղեկացվել է նաև, որ 2020թ. Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության քննարկմանն է ուղարկվել կատարված աշխատանքների ամփոփ արդյունքների փաթեթը՝ առաջարկելով դիտարկել Հայաստանին դաբաղից ազատ երկրի կարգավիճակ տալու հարցը:
Քննարկումների արդյունքում՝ որոշվել է, որ առաջիկայում հայկական կողմը ռուս գործընկերներին կուղարկի տեղեկատվություն՝ վտանգավոր հիվանդության դեմ պայքարի արդյունքների մասին, դաբաղից ազատ մարզերի, շրջանների ցանկը, ինչպես նաև այն ընկերությունների ցանկը, որոնք նախատեսում են միս-մսամթերք արտահանել Ռուսաստանի Դաշնություն:
Երկուստեք բարձր է գնահատվել կառուցողական երկխոսությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել բանակցությունները ռուսական կողմին անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հետո:
Հիշեցնենք, որ 2016 թվականին հայկական միս-մսամթերքի ներմուծումը Ռուսաստան դադարեցվել էր՝ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման պատճառով: