Շաքարավազի շուկայում գնային փոփոխություններ չեն գրանցվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվության վարչությունից։
ՏՄՊՊՀ-ն սեպտեմբերի 18-ից մինչև սեպտեմբերի 29-ը շաքարավազի գնի վերաբերյալ ամենօրյա ձևաչափով դիտարկումներ է իրականացրել մայրաքաղաքի խոշոր առևտրային ցանցերում։
Մասնավորապես, «Երևան Սիթի» սուպերմարկետում շաքարավազի 1 կգ գինը կազմել է 309 դրամ, այսինքն՝ որևէ գնային փոփոխություն նշված ժամանակահատվածում տեղի չի ունեցել։ Վաճառքում առկա է նաև փաթեթավորված շաքարավազ, որի գինը տատանվում է 360 դրամի սահմաններում։
ՏՄՊՊՀ-ն խոշոր առևտրային ցանցերում նաև արևածաղկի ձեթի գների դինամիկան է ուսումնասիրել և հավաստիացնում է, որ այս շուկայում ևս գնային փոփոխություններ չեն արձանագրվել:
Կառույցից վստահեցնում են՝ ամենօրյա ռեժիմով հետևում են շուկայում տեղի ունեցող զարգացումներին։
Հիշեցնենք՝ քաղաքացիներն ահազանգում են, թե վերջին օրերին մասնավորապես «Երևան Սիթիում» շաքարավազի գինը բարձրացրացել է։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի ամբողջ երկայնքով, և արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ սննդամթերք և այլ ապրանքներ են ուղարկում Արցախ։ Չի բացառվում, որ, ապրանքների մեծ պահանջարկով պայմանավորված, որոշ տնտեսավարողներ փորձում են շահույթ ստանալ։