Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է նախագիծ, որով առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան։ Կառավարության որոշման վերաբերյալ նախագիծն արդեն հանրային քննարկման է դրվել:
Ըստ նախարարության՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը նախևառաջ ենթադրում է անվտանգային բաղադրիչ։
Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներկրվում է հագուստ, ցիտրուսային մրգեր, մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ, նավթամթերք, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր։
Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ երկրներից ներկրումների կամ տեղական արտադրության շնորհիվ։
Որոշումն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և կգործի 6 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ Արցախում թուրք- ադրբեջանական տանդեմի կողմից պատերազմ սանձազերծելուց հետո մեր երկրում սկսվեց թուրքական ապրանքների բոյկոտի կոչերը։ Մի շարք խոշոր սուպերմարկետներ և իրացման ցանցեր արդեն իսկ հրաժարվել են թուրքական ապրանք վաճառել։