Հնարավոր է, որ ՀՀ կառավարությունը քննարկի Հայաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքն արգելելու հարցը։ Այս մասին հայտնել է փոխվաչապետ Մհեր Գրիգորյանը՝ armtimes.com-ին տված հարցազրույցում։
Փոխվարչապետը նշել է, որ արգելքը կկիրառվի թուրքական բոլոր տեսակի ապրանքների նկատմամբ։
Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ թուրքական ապրանքներն արգելելու հետևանքով շուկայում դեֆիցիտ չի առաջանա։
Նույն որակի ապրանքներ կարող են ներկրվել ինչպես այլ երկրներից, այնպես էլ արտադրվել տեղում։
Ինչ վերաբերում է արգելքի հետ կապված հնարավոր ռիսկերին, ապա, ըստ Գրիգորյանի, այս որոշումը որոշակի բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, սակայն, տվյալ դեպքում ռիսկերն արդարացված են։ Ավելին՝ հայկական շուկան արագորեն հարմարվում է նոր իրավիճակին:
Փոխվարչապետը չի բացառել, որ 6 ամսից հետո արգելքը հնարավոր է կրկին երկարաձգվի։
Հիշեցնենք, որ համաշխարհային մեծ արշավ է սկսվել թուրքական տնտեսության դեմ՝ բոյկոտելով այդ երկրի արտադրանքը։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանը կարող է արգելել թուրքական ապրանքների ներկրումը։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 6 ամսով արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրումը։