Ռազմական դրությամբ պայմանավորված ՀՀ ՏՄՊՊՀ-ն իրականացնում է մի շարք ապրանքների ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահն իր ֆեյսբուքյան էջում։
Տեղեկացնում եմ, որ
1. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են 24-ժամյա ռեժիմով և իրականացնում են շուրջ 31 ապրանքային խմբերի մշտադիտարկում (շուրջ 94 ապրանքատեսակ)։
2. Ստեղծված աշխատանքային խմբերը, բացի տվյալ ապրանքների խոշոր մատակարարների և խոշոր առևտրային ցանցերի շրջանակներում մշտադիտարկումներ իրականացնելուց, ուսումնասիրում են նաև թեժ գծով, լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով ստացված բողոքները և դրանցում տնտեսական մրցակցությանն առնչվող խնդրահարույց երևույթների մասին վկայող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովն իրականացնում է համապատասխան վերլուծություններ և ապահովում դրանց ընթացքն օրենքով սահմանված կարգով։
3. Հարկ եմ համարում ընդգծել, որ Հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում և վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։