Նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ հաջորդ տարի Լարսի անցակետով հնարավոր կլինի մեր ապրանքները ԵԱՏՄ տեղափոխվել ավելի արագ։
«Եկող տարվա ընթացքում կունենանք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ ապրանքների տեղաշարժի նոր ռեժիմի կիրառում։ Խոսքը նավիգացիոն կապարակնիքների առկայության պարագայում ապրանքների ավելի պարզեցված տեղաշարժի՝ սահմանային հատումների մասին է: Դա թույլ կտա, որ մեր առևտրի համար կենսական նշանակություն ունեցող Լարսի անցակետով մեր ապրանքները դեպի Եվրասիական տնտեսական միության տարածք տեղափոխվեն առանց մաքստուրքերի»,- հավելեց նախարարը։
Հաջորդ տարվա անելիքներն այսքանով չեն ավարտվում։
Շոշափելի ձեռքբերումներից է լինելու այն, որ 2021 թվականին Իրանի հետ կսկսենք ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները։
Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ հաջորդ տարի նաև Եվրասիական տնտեսական միության, Սերբիայի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու մասին, ինչպես նաև Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրի, ծառայությունների, ներդրումների մասին համաձայնագրերն են ուժի մեջ մտնելու։
Սինգապուրն այդ համաձայնագրով պարտավորվել է չկիրառել մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրաքները իր երկրի տարածք ներմուծելու համար:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բացի այս համաձայնագրերը կյանքի կոչելուց, աշխատանքներ է տարվելու, որպեսզի Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվի։
«Կան մի շարք երկրներ` Հնդկաստան, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ինդոնեզիա, Ալժիր, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, որոնց հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները ընթացք կստանան և շոշափելի արդյունքներ կարձանագրեն»,- նշեց նա։
Ի դեպ, Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ տարվա ավարտին նախատեսվում է ունենալ նաև ԵԱՏՄ-ի հետ հետագա 5 տարիների աշխատանքների ռազմավարությունը ներկայացնող փաստաթուղթ։