ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների հստակեցման փաստաթուղթ, որը շուտով կներկայացվի կառավարություն։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
«Վերջին երկու տարիներին մեզ հաջողվել է Սևանա լճից ամենաքիչ քանակությամբ ջրի բացթողումներ անել։ Այսպիսով, մենք լուծում ենք ջրային ռեսուրսների պատշաճ կառավարման խնդիրը: Սա համակարգային աշխատանքի արդյունք է, որովհետև Սևանից ջրի բացթողումները կապված են ոչ արդյունավետ ջրային ռեսուրսների կառավարման հետ։ Մենք ոչ միայն Սևանի էկոհամակարգի խնդիրը պետք է լուծենք, այլ՝ նաև կառավարել ջրային ռեսուրսները։ Ինչ վերաբերում է անտառտնկարկների մաքրման հարցին, ապա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Այս ուղղությամբ պետք է մեծ աշխատանք իրականացվի»,- անելիքները ներկայացրեց փոխնախարարը։
Սևանի խնդրից բացի, հաջորդ կարևոր հարցը, որ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է, անտառների վերականգնումն է։
«Մենք նաև ստանձնել ենք միջազգային պարտավորություն, որ մինչև 2020 թվականը կրկնապատկենք Հայաստանի անտառային տարածքները։ Դա, իհարկե, շատ հավակնոտ նպատակ է, բոլորը քննադատում են այս ծրագիրը։ Էլի շեշտեմ, որ համակարգային մոտեցում է անհրաժետ։ Մեր երկիրը կանաչ տնտեսության սկզբունքները ներդնելով՝ կկարողանա հասնել այդ նպատակին։ Մենք պետք է միջոցներ ուղղենք տնկարանների ստըեղծմանը»,- կարևորեց Ղափլանյանը՝ նշելով, որ արդեն իսկ անտառային տարածքների թիվն ավելացել է։
Այս և այլ ծրագրեր կյանքի կոչելու համար եկող տարվա բյուջեով Շրջակա միջավայրի նախարարությանը նախատեսված է հատկացնել 8 միլիարդ 840 միլիոն դրամ։
Իրինա Ղափլանյանի խոսքով՝ հատկացվող այս գումարներով 2021 թվականին գերատեսչությունը նախատեսում է իրականացնել 6 ծրագիր և 25 միջոցառում: