Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ փետրվարի մեկից սկսվող սակագնային տարվա համար առաջարկվում է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը և միջին կշռված սակագինը բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով։
«2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2021 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք»,-նշվում է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։
«Մասնավորապես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Արդյունքում, առաջարկվում է՝
1) սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները թողնել անփոփոխ,
2) իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)»,-նշված է հաղորդագրության մեջ։