ՀՀ ազգային ժողովն այսօր՝ մարտի 25-ին, առաջին ընթերցմամբ՝ 109 կողմ ձայներով, ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն կտրվի վերահսկել ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատման աշխատանքներ։
Օրենքի նախագծով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների կարգը:
Ջրային օրենսգրքով արդեն իսկ նախատեսված էր, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատման համար անհրաժեշտ էր լինելու առցանց հետևել, սակայն կարգավորված չէր, թե ում միջոցներով պետք է ձեռք բերվեին այդ սարքավորումները և ինչպես պետք է իրականացվեր:
Ներկայացված Նախագիծը հնարավորություն է տալու այսուհետև վերահսկել հիմնականում Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով իրականացվող հորատումները, և համադրության արդյունքում հնարավոր կլինի հասկանալ՝ այդ հորատումները օրենքին համապատասխան են իրականացվում, թե՝ ոչ։