ՀՀ կենտրոնական բանկը խորհրդի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան՝ ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: ՀՀ ֆինանսական շուկայի վրա կազմակերպության փակման ազդեցության մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակիցը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։
Տնտեսագետի կարծիքով՝ ԿԲ այս որոշումը լուրջ, էական ազդեցություն չի ունենա ֆինանսական շուկայի վրա, քանի որ շուկան մասնակցային, սուբյեկտայնութան առումով բավականաչափ հագեցած է և կազմակերպությունը մեծ կշիռ չունի վարկային շուկայում։
«Ընդամենը տեղի է ունենալու դերաբաշխում։ Տրամադրված ֆինանսական ռեսուրսները, վարկային պարտավորությունները կփոխանցվեն տարբեր վարկային կազմակերպությունների և առևտրային բանկերի միջև։ Մեծ շոկ կամ անկայունություն սպասել չի կարելի, որովհետև ծավալներն էլ այդպիսին չեն։ Մեր շուկան էլ բավականին փոքր շուկա է, և բավականին խաղացողներ կան, այդ թվում առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ»,- նկատեց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ում վարկային կազմակերպությունները գրեթե նույն գործառույթներն են իրականացնում և նույն սեգմենտի վրա են աշխատում։
«Առաջարկը չի փոփոխվի մեծ հաշվով, պահանջարկն էլ դրանից կախված չէ և էական փոփոխություններ չի լինի»,- ընդգծեց նա։
Տնտեսագետը նշեց, որ կազմակերպություններին լիցենզիայից զրկելու գործառույթը Կենտրոնական բանկինն է, այն օրենքով է սահմանված։
«ԿԲ-ն ինչպես տրամադրում է լիցենզիաներ, այնպես էլ կարող է այն ուժը կորցրած ճանաչել։ Լայն իմաստով պետություն կողմից իրեն վերապահված գործառույթներն է իրականացնում»։
Ստեղծված իրավիճակում Ավետիսյանը առավել կարևորում է այն, որ եթե ֆինանսական գործառույթներ իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը չի պահպանում լիցենզիայի պայմանները, առաջնային է նրա գործունեության դադարեցումը, այլապես, շուկայի ոչ արդյունավետ վերահսկման պարագայում, կունենանք այնպիսի վիճակ, ինպիսին 1990-ական թթ սկզբներին է եղել, երբ եղել են խաբված վարկատուներ ու ավանդատուներ։
Անդրադառնալով խնդրին, թե որքանով «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի փակվելը կազդի գործազրկության մակարդակի աճի վրա, Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ցանկացած տնտեսվարողի փակում ենթադրում է աշխատողների աշխատանքից ազատում, սակայն պետությունն իր ձեռքի տակ եղած զբաղվածության աջակցության գործիքներով պետք է կարողանա կարգավորել առկա խնդիրները։
«Հիմնական քաղաքականություներից մեկը՝ զբաղվածության պետական քաղաքականությունը, միտված է դրան, և պետք է հասու լինի աշխատանքից ազատման ռիսկ ունեցող մարդկանց»։
Տնտեսագետը նկատեց, որ 2014 թվականին նման իրավիճակների կանխարգելման համար «Զբաղվածության մասին» օրենքով ներդրվել է ոչ միայն գործազուրկ կատեգորիան և նրա աջակցությունը, այլև աշխատանքից ազատման ռիսկ ունեցող կատեգորիա, որի մեջ են մտնում նաև անձիք ու այն կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ լուծարվում են։
Ավետիսյանը կոչ արեց՝ լավ տիրապետել օրենքներին և գործադրել պետության ձեռքում եղած գործիքները՝ առաջացող սոցիալական խնդիրների լուծման համար։ Ըստ նրա՝ տվյալ քաղաքականության պատասխանատուները, որոնք ամեն ամիս ստանում են իրենց աշխատավարձից երկու անգամ ավել պարգևատրումներ, ունեն ուղիղ պարտավորություն տվյալ գործիքները գործադրելու։ Տնտեսագետի խոսքով՝ չպետք է հույսներս դնենք, որ որևէ վարկային կազմակերպություն չլուծարվի։
«Նախախնամության վրա քաղաքակիրթ պետությունը չի կարող հույս դնել։ Գործընթացներում պետք է լինենք պրոֆեսիոնալ, մոտեցումները պետք է լինեն այդպիսին, ոչ թե իրավիճակի հետևից գնացող։ Ոչ թե պետք է հետևանքները վերացնելու ջանքեր ներդնենք , այլ պետք է առաջ անցնենք և առաջ անցնելով կանխարգելիչ միջոցներ ձեռնարկենք»,- նշեց Ավետիյանը՝ հավելելով, որ ամեն անցնող օր այսպիսի իրավիճակում, ինչպիսին մենք ունենք, կանխարգելիչ միջոցառումների ձգումը, չիրականացումը կամ ոչ լիարժեք իրականացումը կրճատում է մեր՝ որպես պետության, հասարակության, տնտեսության ներուժը։
«Կանխարգելիչ միջոցները հարյուրապատիկ ավել ավելի արդյունավետ են, քան հետևանքների վերացումը»,- եզրափակեց նա։
Նարե Հարությունյան