Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զինծառայողների հետ հանդիպմանը, անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին։ Ալիևը խոսել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումներից, անվանարկել է մեր բանակը, խոսել տնտեսական զարգացման, դեմոգրաֆիական խնդիրներից, հայտարարել, թե իբրև Հայաստանում գերիշխում է բռնապետությունը, ևս մեկ անգամ ժխտել Հայոց Ցեղասպանության փաստը։ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական թեզերի, դրանց նշանակության, ՀՀ կողմից համապատասխան արձագանքի մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակիցը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։
-Տիկին Հայրապետյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ բավականին սուր որակումներով և գնահատականներով։ Ինչպե՞ս կորակեք այս ելույթը, հատկապես այն թեզը, թե Հայաստանում գերիշխում է բռնապետությունը։
Կարծում եմ Ալիևի ելույթը՝ որպես բռնապետ ղեկավարի, ամբողջությամբ իր վախերի դրսևորումն է ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ։ Բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանում բավական ուշադրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, նշում, որ Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները դրական են ազդում ՀՀ իմիջի վրա միջազգային հարթակներում, և Հայաստանը սկսում է այլ դիրքերից հանդես գալ Ղարաբաղյան հարցի համատեքստում։ Բազմաթիվ նման մեկնաբանություններ են հնչում Ադրբեջանում, հավանաբար վարչապետի պատրաստակամությունը՝ ուղղակիորեն կոչով դիմելու Ադրբեջանի ժողովրդին և բացատրելու իրական եղելիությունը նման սուր դրսևորումների, առիթ են հանդիսացել Ալիևի համար, և ինքը փորձել է ամբողջությամբ նսեմացնել և ստվերել ժողովրդավարության դերն ու նշանակությունը Հայաստանում, տարածաշրջանում՝ դրանով ցույց տալով և բացառելով նման գործընթացներ բռնապետական Ադրբեջանում։
-Ստացվում է՝ ելույթը մեծապես ուղղված էր Ադրբեջանի ներքին լսարանի՞ն, թե ինչ-որ առումով միջազգային լսարանին էլ ուղղված մեսիջներ կային։
Բնականաբար մի քանի ուղղությամբ էր ելույթը, այդ թվում՝ Հայաստանի, որովհետև ՀՀ մի քանի քաղաքական ուժերի միջև կան տարաձայնություններ և դիրքորոշումների տարբերություն ընթացող գործընթացների վերաբերյալ։ Փորձ է արվել նաև դա այլ լույսի ներքո ներկայացնել՝ մոռանալով, որ Հայաստանում քաղաքական դաշտը միշտ ավելի ազատ է եղել տարբեր պատմական դրվագներով։ Այդքան տարակարծություններն անգամ 90-ականներին չի խանգարել մեր անվտանգային և մեր հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը Արցախում պաշտպանելու հարցերում ավելի քան միասնական լինել։
-Ադրբեջանի նախագահը անվանարկել է մեր բանակը, շահարկել հարցը, թե իբր ՀՀ ԶՈՒ չի կարողանում պահպանել սահմանը, այն պահում են արտասահմանյան զինվորները։ Ո՞րն է մեր պատասխանն այս հայտարարությանը։
Ալիևը առաջին անգամ չէ նման ելույթ ունենում։ Ավելին ասեմ՝ Ադրբեջանում տարիներով փորձել են տարածել այն ապատեղեկատվությունն ու կեղծ թեզը, որ Ղարաբաղյան հարցում հայերն հաղթանակ տարել են բացառապես ռուսների օժանդակությամբ։ Իրենք մշտապես փորձել են նսեմացնել մեր հերոսությունը, մեր քաջաբար կռվելու հնարավորությունները՝ դրանով արդարացնելով իրենց երկրում առկա բազմաթիվ խնդիրներ։ 90-ականներին ամբողջությամբ քաոսիկ իրավիճակում էր Ադրբեջանը, երբ որ ռազմաճակատից շատերը փախչում էին, որ իշխանափոխություն իրականացնեին երկրի ներսում։ Կարծում եմ, ուղղակի Ալիևը մոռացել է այդ դրվագները և փորձում է այլ լույսի ներքո ներկայացնել այն ամենն, ինչը կատարվում է Հայաստանում։ Բնականաբար, դա իր մոտ չի ստացվելու, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ովքեր են պաշտպանում մեր անվտանգությունը՝ մեր Զինված ուժերը, իսկ Արցախում՝ Արցախի Պաշտապանության բանակի ԶՈՒ-ը։
-Ադրբեջանի ղեկավարը չի շրջանցել նաև Հայոց Ցեղասպանության իրողությունը՝ ևս մեկ անգամ ժխտելով այն, անդրադարձել է ՀՀ դեմոգրաֆիական, տնտեսական զարգացման խնդիրներին։ Ադրբեջանի ղեկավարի կողմից բազում անգամներ հնչեցված որակումներում արդյոք կայի՞ն նորություններ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս թեզերը։
Սա բնավ նոր չէր, նաև միջազգային հարթակներում երբեմն թուրքական կողմից նրանք առավել ագրեսիվ են հանդես գալիս Ցեղասպանության ճանաչման դեմ մեր նախաձեռնությունները կանխելու առումով։ Փորձում են մեզ ներկայացնել այլ լույսի ներքո, ներկայացնում են իրենց կեղծ դրույթները։ Ալիևը կրկին մոռանում է ինչ հանցագործությունններ են կատարել 88-ական թթ-ին, ինչպես են պատասխանել հայերի խաղաղ ցույցերին։ Այնքան փաստական տվյալներ կան, որոնք բազմիցս մենք միջազգային հարթակներում ունեցած ելույթներում հնչեցվել են, եթե այդ ամեն ինչը վերստին շարադրելու կարիք կա, չենք զլանա վերհիշեցնել Ադրբեջանին։
Դեմոգրաֆիայի առումով էլ առաջին անգամ չէ, որ այս թեզը բարձրացվում է, իրենք, իմ խորին համոզմամբ, փորձում են այն ընկալումը սերմանել Ադրբեջանի հասարակության ներսում, որ սպասեք շուտով Հայաստանը շատ վատ իրավիճակում կլինի և մենք ինքնաբերաբար «հետ կվերադարձնենք Լեռնային Ղարաբաղը»։ Դա տարիներով հնչող թեզ է, բնականաբար, հեղափոխությունից հետո առավել մեծ թափով շրջանառվող։ Մեր հզորացմանն ու անվտանգությանն ամրապնդմանն ուղղված քայլերից հետո պետք է նշեմ, որ Ադրբեջանում շատ ծանր են տարել Արցախում անցկացված վերջին ընտրությունները ու դրանից հետո Շուշիում երդմնակալության արարողությունը։ Ալիևը իր ժողովրդին մի փոքր սփոփելու նպատակով փորձում է թույլ Հայաստանի, կործանվող Հայաստանի թեզը առաջ մղել, երբ որ իրականությունն ամբողջությամբ այլ է և, ընդհակառակը, հենց Ադրբեջանն է ասում, որ զարգացող և ժողովրդական արժեքներ որդեգրող Հայաստանի կողքին Ադրբեջանը գնալով էլ ավելի խորը իմիջային ճգնաժամ է ապրում ամբողջ աշխարհում։ Տնտեսության առումով էլ Ալիևը թող նախ անդրադառնա իր տնտեսությանը, որը գերազանցապես կախված է նավթից, որի գինը գնալով էլ ավելի ու ավելի է ընկնում ամբողջ աշխարհում՝ նորանոր փորձություններ ստեղծելով հենց Ադրբեջանի համար։
-Իլհամ Ալիևի հայտարարությանն արձագանքել է ՀՀ երրորդ նախագահը՝ նշելով, որ Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի հայտարարությունը։
Ցավում եմ, որ Սերժ Սարգսյանը նման դիրքերից է հանդես եկել, կարող էր որպես պետության նախկին ղեկավար ու պաշտոնյա փոքր ինչ այլ դիքրերից հանդես գալ։ Ալիևը բազմաթիվ նման ելույթներ է ունեցել, ռազմատենչ ելույթներ։ Սերժ Սարգսյանը, եթե մոռացել է, ամբողջությամբ հավաքագրված կա, կարող է ծանոթանալ այդ ելույթներին և դրանց խրոնոլոգիային։ Մեր գերնպատակն է այս պարագայում փորձել ոչ թե իրար մեջ խնդիրներ փնտրել, տարբեր քաղաքական ուժեր ունեն տարբեր դիրքորոշումներ երկրի զարգացման վերաբերյալ, երբեմն ամբողջությամբ հակասող տեսակետներ, բայց մեր գլխավոր մեսիջը Ադրբեջանին կա և պետք է լինի մեկը՝ անվտանգային հարցում մենք միասնական ենք, իսկ եթե Սերժ Սարգսյանն այդքան ուզում է խորամուխ լինել Ալիևի ելույթում՝ թող կարդա ինչպես է խոհանոցում ծպտված իր փեսայի տարածած ապատեղեկաատվությունը տեղ գտել Ադրբեջանի ղեկավարի ելույթում։ Այսքանով ամեն ինչ ասված է։
-Ո՞րը պետք է լինի ՀՀ բարձրագույն ղեկավարության արձագանքը։
Կարծում եմ կլինեն արձագանքներ, արդեն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է արձագանքել այս հայտարարությանը, բայց այլ արձագանքներ ևս կլինեն։
Նարե Հարությունյան