1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննել է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանին: Այն կապված է հունիսի 18- ին վերջիններիս բնակարանները խուզարկելու դեպքի հետ, որից հետո էլ ԱԱԾ-ն նրանց կանչել է հարցաքննության: Իսկ թե ինչ հարցեր են ուղղվել, մեզ պարզել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին խուզարկություն էր իրականացվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանին պատկանող կառույցներում:
2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ 2019 թ. ապրիլի 2-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի առաջարկին՝ ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից սոցիալական, առողջապահական որեւէ ծրագիր ֆինանսավորելու վերաբերյալ, եւ հայտարարել, որ դա անթույլատրելի է համարում:
«Ցանկացած առողջապահական հարց լուծող կազմակերպություն՝ լինի պետական, թե մասնավոր, չպետք է համագործակցի որեւէ ծխախոտային ընկերության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական առումով», -նշել էր նա։ Այս հայտարարության ֆոնին հետաքրքիր էր արձանագրել, որ այս տարվա մարտի 26-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին է փոխանցել 100 միլիոն ՀՀ դրամ՝ վարակի տարածումը կանխելու եւ բուժաշխատողներին աջակցելու նպատակով:
Եվ հայտնի է, որ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում է նաեւ «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 24-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ հասկանալու համար՝ ինչպես է նախարար Թորոսյանը համաձայնել այս պարագայում աջակցություն ստանալ ծխախոտային ընկերությունից, արդյոք այս դեպքը թուլատրելի է համարել:
Եվ, ահա, երեկ՝ հունիսի 29-ին, նախարարությունից պարզաբանեցին, թե հավաքագրված դրամական միջոցներն Առողջապահության նախարարությանը վերաբաշխվում են կառավարության որոշումների հիման վրա:
Ստացվում է՝ նախարար Թորոսյանն ամեն դեպքում իր վրայից փորձեց գցել պատասխանատվությունը, ինչից ստացվում է, որ ծխախոտային ընկերություններից պետք եղած ժամանակ օգնություն ստանալը ոչ թե անթույլատրելի է, այլ նաեւ խրախուսելի։ Համաձայնեք՝ «սկզբունքային» տեսակետ է»:
3․ «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական շրջանակներում բավական անհանգստացած են ՀՀ-ում վերջին մի քանի ամիսներին նկատելիորեն աճած հակառուսական տրամադրություններով, հատկապես, որ դրանք արվում են ոչ միայն իշխանամերձ շրջանակների, այլ նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների եւ պատգամավորների միջոցով։
Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ երբ այս անհանգստությունների մասին տեղեկացրել են հայաստանյան իշխանության բարձր շրջանակներին, նրանք ուղղակի ձեռքները «թափ են տվել»՝ ակնարկելով, թե դա ՀՀ ներքաղաքական հարցն է։
Թերթի ունեցած տեղեկություններով, ռուսական շրջանակների անհանգստության նոր ալիքը կապված է բացահայտ հակառուսական արտահայտություններ եւ անթաքույց հակառուսական պրոպագանդա պարունակող տարբեր հրապարակումներով ոչ միայն սոցցանցերում, այլեւ իշխանամերձ լրատվականներում։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն այս մասին բավականին հանգամանալից մի քանի վերլուծություններ է փոխանցել պաշտոնական Մոսկվային։ Խոսակցություններ կան, որ հակառուսական նոր արշավ սպասվում է նաեւ առաջիկա օրերին:
Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, անհանգստությունները խորացել են նաեւ «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքի հետ կապված, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել: Ռուսական լրատվամիջոցներն արդեն հրապարակումներ են անում, թե «ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կթույլատրվեն «դեղատոմսով»:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Գագիկ Ծառուկյանի` կորոնավիրուսով վարակվելու պատճառով ԲՀԿ-ականները «կարճատեւ» արձակուրդ են վերցրել՝ առնվազն 2 շաբաթ հանդիպումներ չեն ունենալու, սակայն թեժ աշնան պլանները մշակվում են։
Հիվանդ են նաեւ պատգամավորներ Արթուր Գրիգորյանը եւ Կարինե Պողոսյանը։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը քրեական գործերով վախեցրել է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին։
Նա մի քանի շաբաթ է՝ ԲՀԿ-ի հետ չի շփվում, անջատել է հեռախոսը, նույնիսկ Ծառուկյանի դատական նիստերի ժամանակ չի գնացել՝ աջակցելու նրան։ Երեկ թերթին չհաջողվեց կապվել նրա հետ, Արման Աբովյանը փոխանցեց, որ որեւէ տեղեկություն չունի:
5․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության շուրջ ուշագրավ զարգացումները չեն դադարում: Մասնավորապես՝ թերթի տեղեկություններով՝ ռազմական հնաբնակ ոստիկանապետերը ներկայիս իշխանության մեջ բարեկամներ են փնտրում իրենց տեղը ապահովվելու համար, ինչն էլ ՌՈ աշխատակիցների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Աշոտ Զաքարյանը եւս համարվում է հնաբնակներից: Ավելին, ըստ լուրերի՝ Աշոտ Զաքարյանը, լինելով Երեւանի կայազորի ՌՈ պետ, խոչընդոտել է խաղաղապահ զորքերի միանալը հեղափոխության ակցիաների մասնակիցներին:
Եվ քանի որ ՌՈ նորանշանակ պետ Ալեքսանդր Աղաջանյանը որոշել է համակարգը մաքրել նախկիններից, Զաքարյանը եւս իշխանության ներսում բարեկամներ է փնտրում, որպեսզի պաշտոնից չազատվի: ՌՈ-ում տարածված լուրերի համաձայն՝ Վանաձորի ռազմական ոստիկանապետը բարեկամ է իրեն գտել՝ ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՌՈ ռազմական ոստիկանության բաժնի պետ Աշոտ Զաքարյանը հայտնել է, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղեմի ընկերներն են, սակայն վստահեցրեց, թե դա կապ չունի իր աշխատել կամ չաշխատելու հետ: Նա նշել է, որ ռազմական ոստիկանության անձնակազմը որեւէ ներքին խնդիր չունի, իսկ ՌՈ ժամանակավոր պաշտոնակատարը ոչ միայն իմ հետ, այլ որեւէ մեկի հետ նման շեշտադրությամբ խոսակցություն չի ունեցել։
6․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ՝ մարզում մահվան դեպքերի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Մարզպետի որոշմամբ՝ փոփոխվել է հանձնաժողովի կազմը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզի առողջապահական ընկերություններում արձանագրված հիվանդանոցային մահերի կլինիկական եւ ախտաբանաանատոմիական ախտորոշումների տարամիտման դեպքում հանձնաժողովը պետք է կազմակերպի քննարկումներ եւ ներկայացնի հաշվետվություն:
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց, որ մահվան դեպքերի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կապ չունի կորոնավիրուսի հետ: