Աշխարհում շարունակվում է տարածվել կորոնավիրուսի համաճարակը, և այս պայմաններում, երբ կարծես ամբողջ աշխարհն ու բոլոր պետությունները միավորված պետք է պայքարեին համաճարակի դեմ, երեկ Ադրբեջանը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Աժ հատուկ նիստում ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները շարունակվում են նաև այսօր, սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հետադիմական և ռազմատենչ էությունը։ Ադրբեջանի գործողություններին մեր համապատասխան գերատեսչությունների կողմից առավել քան պարզ և սպառիչ գնահատական է տրվել, բայց ուզում եմ անդրադառնալ Թուրքիայի արձագանքին»,- ասաց Ռուբինյանը։
Պատգամավորը նշել է, որ երեկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և, ըստ էության, պաշտպանել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։
«Սա նշանակում է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես ղարաբաղյան հակամարտության կողմ և ևս մեկ անգամ վերահաստատում է այն հանգամանքը, որ Թուրքիան չի կարող որևիցէ միջազգային դերակատարում ունենալ, որը կառնչվի ղարաբաղյան համակարտությանը», – ասաց Ռուբինյանը։
Նա անդրադարձել է թուրքական մամուլում Թուրքիայի ԱԳՆ շրջանառվող հարցազրույցին, որով վերջինս կոչ է արել ՀՀ-ին սթափվել։
«Ես ուզում եմ ասել՝ այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանություններին սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին։ Եթե վերջիններս չսթափվեն և չդադարեն սահմանին ապօրինի և ագրեսիվ գործողությունները, նրանց կսթափեցնեն մեր զինված ուժերը, իսկ սթափեցնելը մեր զինված ուժերը մոտ, ինչպես ցույց տվեցին երեկվա և այսօրվա գործողությունները, ստացվում է շատ լավ։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Հայոց բանակը»,- ասաց Ռուբինյանը: