Այսօր կառավարությունն արտահերթի նիստի ընթացքում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը։ Ըստ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի՝ հինգերորդ անգամ արտակարգ դրության երկարաձգումը կլինի վերջինը, որից հետո ԱԺ-ում կքննարկվի արտակարգ իրավիճակով պայմանավորված օրենքներում փոփոխություններ իրականացնելու հարցը, և եթե դրական միտումը պահպանվի, մենք աստիճանաբար կվերադառնանք մեր բնականոն կյանքին։
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ էական փոփոխություններ են լինելու որոշակի արգելքների հետ կապված: Մասնավորապես վերանայվելու է օտարերկրացիների մուտքի հետ կապված հարցը, վերանայվելու են որոշ ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը։ Ըստ այդմ՝ թույլատրվելու է հանրահավաքների, ցույցերի անցկացումը՝ համաճարակային կանոնների պահպանմամբ։ Թույլատրվում է խնջույքների, միջոցառումների անցկացումը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում՝ 40 մարդկանց մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջին անգամ մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարել էր արտակարգ դրություն մարտի 16-ին՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։