Կառավարության արտահերթ նիստի օրակարգում այս տարվա մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցն էր:
Վարչապետը նշեց, որ ապրիլին, երբ երկիրը գործնականում խիստ սահմանափակումների ռեժիմում էր, արձանագրվեց, որ, օրինակ, սոցիալական և տնտեսական խնդիրները խորանում են, ապրիլին 50 հազար աշխատատեղի կրճատում եղավ:
«Ապրիլին մենք հիսուն հազար աշխատատեղի կրճատում ունեցանք: Տեսնում ենք, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ երևացող հատվածներում կամ առերևույթ հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր էր լինում պահել, ամբողջ հանրապետության տարածքում՝ մասնավորապես ոչ շատ տեսանելի հատվածներում, տեսնում էինք, որ կանոնները ոչ մի կերպ չեն պահվում: Մյուս կողմից, մենք եկանք այն արձանագրման, որ անհնար է առանց քաղաքացիների ներգրավվածության, առանց պատասխանատվության կիսման խնդիրը լուծել: Մենք եկանք այն եզրակացության, որ կառավարությունն իր պատասխանատվության հատվածը պետք է կրի, բայց հնարավոր չէ հակահամաճարակային իրավիճակը պահել առանց քաղաքացիների մասնակցության: Այս դահլիճում մենք շատ լարված քննարկումներ ենք ունեցել՝ որոշումների հետ կապված: Որոշեցինք, որ քաղաքացիներին պետք է ուղիղ ներկայացնենք իրավիճակը, և մյուս կողմից, կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է, որ որևէ քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց, որ այդ ժամանակահատվածում կառավարությունը, առողջապահության նախարարությունը գործնականում արել են անհնարինը՝ առողջապահական մեծ հզորություններ ծավալելով:
«Մենք այս խնդիրն արմատապես լուծելու շանս ենք ստացել»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այսօր թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ կա, և խնդիրն է իրավիճակը ճիշտ գնահատել՝ երկրորդ ալիքից խուսափելու համար:
«Մենք այսօր անցնելով այս դժոխքի միջով, ունենալով 800 մահ բուն կորոնավիրուսի պատճառով և 234 մահ այլ պատճառով՝ շանս ունենք աշնանը գտնվել բոլորովին ուրիշ վիճակում: Այսինքն, ըստ էության, հաղթահարած վիճակում լինել՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի: Դա կլինի այդպես, եթե մենք ռազմավարությունը ճիշտ շարունակենք իրագործել»,- ասաց վարչապետը՝ առաջնայինը կարևորելով դիմակի կրման բացառիկ պարտականությունը: