1․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին հետաքննություն իրականացնելու համար:
Մասնավորապես, թերթին հայտնի է դարձել, որ Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացի Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը և հայտնել, որ իր թոշակի և իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին, և վերջինս իրենից իր աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու համար գումար է պահանջել:
Եվ, ահա, գլխավոր դատախազությունը, ստանալով Արմեն Գրիգորյանի դիմումը, ուղարկել է այն ոստիկանություն` նյութեր նախապատրաստելու համար:
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արսեն Թորոսյանը չի դադարեցնում հին կադրերից ազատվելու իր քաղաքականությունը. այս անգամ հերթը հասել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին:
Արյունաբանականի տնօրենի պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, և, թերթի տեղեկություններով, նախարարը մտադիր չէ այն երկարացնել, չնայած այդպիսի հնարավորություն ունի: Թորոսյանը պատրաստվում է նոր մարդ բերել այս պաշտոնին, անգամ կենտրոնից որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվում։ Այդպիսով` որոշել է պատժել անձնակազմին դեռ անցյալ տարի արյունաբանականի «ըմբոստ» աշխատակից Գևորգ Թամամյանի պահվածքի համար: Թորոսյանը թեկնածու չունի և մի քանի տեղ ասել է, որ հարմար մարդ է փնտրում:
3․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին կրկին ակտիվացել են աշխատանքները թե՛ ընտրական օրենսգրքի քննարկումների, թե՛ սահմանադրական փոփոխությունների շուրջ: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների հարցում ավելի ակտիվ են մասնագիտական հանձնաժողովի անդամները, ապա ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնողն ու ջատագովը հենց իշխող խմբակցությունն է:
Բանն այն է, որ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը առցանց ձևաչափով սկսել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները: Արդեն տեղի է ունեցել առաջին հանրային քննարկումը, և թեմաներն էին նախընտրական քարոզարշավը, քարոզարշավի ֆինանսավորումը, վարչական ռեսուրսի չարաշահման արգելքը:
Նկատենք, սակայն, որ իշխանական խմբակցությունը նպատակ ունի ընտրական օրենսգրքի փաթեթը լիագումար նիստերի օրակարգ բերել միայն գարնանային նստաշրջանին։ Օգոստոսի 14-ին էլ կքննարկվի համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումների հարցը:
Հավելենք, որ այս նախագծի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար, և այժմ ստացած առաջարկների վրա են աշխատում։ Իսկ, ահա, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները հայեցակարգը պետք է ներկայացնեն մինչև տարեվերջ, սակայն քվեարկությունը խորհրդարանում կրկին նախատեսված է հաջորդ տարի:
Այսինքն՝ հաջորդ տարին ակտիվ է լինելու նոր Սահմանադրության և ընտրական օրենսգրքերի ընդունման առումով:
4․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առաջիկայում պատրաստվում են ներկայացնել տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանի հետ կապված վարույթի եզրակացությունը:
Նախարարության աղբյուրները փոխանցում են, որ վարույթն ավարտվել է, ու այժմ վարույթի կազմավորման պրոցեսն է ընթանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը իր նիստում որոշում էր կայացրել, որով անվավեր էր ճանաչել տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի` միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը, ինչը Դիանա Գալոյանը բողոքարկել էր:
Ըստ տեղեկությունների` այդ վարույթին անհամբեր սպասում է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, որը ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը դոկտորի գիտական աստիճանից զրկվի: Ու անգամ, երբ Գոգյանը հրավիրվել է վարույթին մասնակցելու ու գնացել է իր փաստաբանի հետ, նրա փաստաբանին չեն թույլատրել մասնակցել գործընթացին, ինչի համար վերջինս հեռացել էր նախարարությունից` որևէ ձևով չմասնակցելով վարույթին, հետագայում ուղարկելով գրավոր դիրքորոշում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ վարույթը եզրակացության փուլում է, բայց այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Իսկ Դիանա Գալոյանը ողջ օրվա ընթացքում հեռախոսազանգերին չի պատասխանել։